ՆՐԱՆՑ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ
21.02.2019 16:47

88-ի փոթորկահույզ փետրվարը մեր կյանքում շատ բան փոխեց։ Գենետիկորեն անկախության ձգտումը փոխանցվել և ապրում էր բոլորիս մեջ, և հարմար առիթ էր պետք, որպեսզի այն պոռթկար նոր ուժով, որին դիմակայելն այլևս անհնարին էր լինելու։

Ասկերանի Վերածննդի օրվա նախօրյակին վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները՝ դասղեկների ուղեկցությամբ քայլերթով հասան Ասկերանի

մատույցներ, պատմական դեպքերի այն վայրը, որտեղ հայերը դիմադրություն ցույց տվեցին  88-ին փետրվարի 22-ին թշնամու տասնյակ հազարների հասնող խառնամբոխին, որը Աղդամից շարժվելով դեպի Ասկերան՝ ճանապարհին հրի մատնելով հայկական ամեն ինչ, ծեծելով հանդիպած հայ մարդկանց՝ ցանկանում էր խաղաղ  երթի անվան տակ հասնել մայրաքաղաք։ Սակայն հեռատես մարդկանց շնորհիվ հնարավոր եղավ կանխել արցախահայության գլխից դամոկլյան սրի պես կախված վտանգը և փրկել արցախահայությանը հերթական եղեռնից։

Դպրոցականներին ուղեկցում էին Ասկերանի Շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստները։ Այն ճանաչողական բնույթ էր կրում և մեր նորագույն պատմությանն առերեսվելու մեծ դաս էր։

Հասնելով 88-ի փետրվարի 22-ի իրադարձությունների վայր՝ Կառլեն Մայիլյանը ներկայացրեց օրվա խորհուրդը՝ ասելով, որ մեր ժողովրդի ազատ ապրելու կամքին ի պատասխան ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հարձակում Ասկերանի վրա, որտեղ հաջողության չհասնելուց հետո, այդ սահմռկեցուցիչ ոճրագործությունն իրականացրեցին փետրվարի 27-29-ը Սումգայիթում։

-Աղդամի կողմից թշնամու հրոսակախմբերի դեմ ըմբոստացած բնակիչների թվում էին նաև ձեր տարիքի՝ ավարտական դասարանների աշակերտներ։ Եվ այսօր նման ձևաչափի հանդիպումը բախման վայրում ուսուցողական բնույթ է կրում,- ասաց Կ. Մայիլյանը, համառոտ ներկայացնելով փետրվարի 22-ի առավոտյան շրջկենտրոնում տեղի ունեցած իրադարձությունները, որին հաջորդել էր թշնամու անսպասելի հարձակումը։

-Ադրբեջանի իշխանությունները ներկայացուցիչներ էին ուղարկել ԼՂԻՄ շրջկենտրոններ, որպեսզի ՍՄԿԿ Քաղբյուրոյի ընդունած ադրբեջանանպաստ որոշումը տեղում հավանության արժանացնեն,  սակայն ի շնորհիվ հայրենապաշտ մի խումբ մարդկանց, ովքեր անմիջապես մասնակցում էին այդ պատմական նիստին, որոշումը չընդունվեց։ Մենք դրսում ուսուցիչներով և աշակերտներով այժմվա Փետրվարի 22-ի հրապակում հավաքվել  և միտինգ էինք անում այդ որոշման դեմ, և ի շնորհիվ ներսում գտնվողների, որոնցից մեկն էլ Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանն էր, նրանց կողմից նիստի ընթացքի մասին ստացած գրությունների շնորհիվ իմանում էինք ներսում ինչ է կատարվում։ Եթե որևէ բան ի նպաստ հայ ժողովրդին չէր, դրսում մեծ աղմուկ էինք բարձրացնում։ Հենց այդ ժամանակ էր, որ հայտնեցին մեզ ադրբեջանացիների հարձակման մասին,- ասաց Կ. Մայիլյանը, աշակերտների ուշադրությունը հրավիրելով այն տարածքի վրա, որտեղից թշնամին զինված սուր ծակող, կտրող գործիքներով, իսկ բեռնատար մեքենաների թափքերում քարեր բեռնած շարժվում էին դեպի Ասկերան։

Այս ամենի և փետրվարի 22-ին նախորդած դեպքերի մասին աշակերտներին հանգամանորեն պատմեց Սլավիկ Առուշանյանը։ Նա ներկայացրեց շրջանում Շարժումը ոտքի կանգնեցնելու անհրաժշետությունն ու պահի կարևրությունը, շրջանի խմբագրության շենքի դերի մասին, որտեղ ընդունվում էին կարևոր որոշումներ, շրջանի գյուղերում կոլտնտեսությունների նախագահների տարեկան հաշվետվություններին նվիրված ժողովները Շարժմանը ծառայեցնելու մասին։ Խոսեց փետրվարի 13-ի պատմական միտինգի մասին, ինչն արդեն համախմբել է ամբողջ արցախահայությանը։ Այս կարևոր գործում Վալերի Պետրոսյանի կատարած անգնահատելի է աշխատանքը, ով առաջինը հանդգնեց լուսանկարել Ասկերանում, Ստեփանակերտում, ապա նաև Երևանում տեղի ունեցած առաջին հանրահավաքները։

-Մեր ժողովուրդն արդեն հասկացել էր, որ այդպես ապրելն այլևս անհնար է ու նաև վտանգավոր։ Վտանգված էր արցախահայության կյանքը, ոտնահարված նրա իրավունքները։ Ադրբեջանի իշխանությունների կողմից արվում էր ամեն ինչ, ստեղծվում այնպիսի պայմաններ, որպեսզի արցախահայությունը ստիպված լքի Հայրենիքը։ Սակայն մենք վճռական էինք մեր անելիքներում և հայ ժողովուրդը բռունցքվեց այդժամ քան երբևէ, միասնաբար պայքարեց իր ազատ ապրելու իրավունքի համար՝ հիմք դնելով մեր պատմության նորագույն դարաշրջանի։ Եթե մինչ այդ Շարժումն առաջ էին մղում մտավորականներ, առանձին պետական պաշտոնյաներ, որոնց դեմ Ադրբեջանի իշխանությունններն այնպիսի խոչընդոտներ ստեղծեցին, որ նրանք ստիպված էին լքել Հայրենիքը կամ հրաժարվել Շարժման գաղափարից, ապա ժողովրդի կամքին դեմ դուրս գալն այլևս անհնարին էր դարձել։ Ինչին էլ հաջորդել են 1988 թվականի փետրվարի 22-ի Ասկերանի մատույցներում տեղի ունեցած դեպքերը։ Անկասկած այդ հարձակումը վաղօրոք ծրագրված էր, և Ասկերանում  լուրջ և անսպասելի  դիմադրության հանդիպելուց հետո, այդ ոճրագործությունն իրականացրեցին Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերում։ Իսկ այս վայրում մեր և թշնամու միջև բախումից հնարավոր եղավ խուսափել շնորհիվ մեր հեռատեսության։ Չնայած մի պահ թվում էր, թե առանց զենք կիրառելու անհնարին կլինի թշնամու դեմն առնել։ Երկու կողմերի միջև քարկոծություն սկսվեց։ Գազազած ամբոխը տեսնելով, որ չի կարողանում ասկերանցիների պաշտպանությունը ճեղքել, շարժվեց դեպի Խնապատ։ Սակայն այստեղ ևս արժանի դիմադրության հանդիպեց։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր բոլոր հաղթանակների սկիզբը մեր հույսերի Փետրվարն էր, որը պատմության մեջ արժևորվեց ասկերանցիների և շրջակա բնակավայրերի բնակիչների սխրալից պայքարով։ Մենք՝ ականատեսներս, պարտավոր ենք սերունդներին փոխանցել իրական պատմությունը՝ Շարժման ակունքների մասին։  Փաստորեն Ասկերանի մատույցներում հանդիպելով արժանի դիմադրության՝ թշնամին ետ շպրտվեց կրելով առաջին խայտառակ պարտությունը։ Ասկերանի ամրոցներն ընդմիշտ անառիկ մնացին ադրբեջանցի խաժամուժի համար,- ասաց Ս. Առուշանյանը։

Կ. Մայիլյանը դպրոցականների անունից շնորհակալություն հայտնեց Ս. Առուշանյանին փետրվարի 22-ի դեպքերն աշակերտներին մանրամասն ներկայացնելու համար, միաժամանակ նշեց, որ հենց փետրվարի 22-ին Ասկերանում որոշվեց ամբողջ հայության ճակատագիրը։

Թերևս, օրվա խորհուրդն էր, որպեսզի դպրոցականները հստակ պատկերացում կազմեն փետրվարյան իրադարձությունների մասին, ճանաչեն իրենց շրջապատում ապրող անհատներին, ովքեր վտանգի տակ դնելով իրենց կյանքը, հաղթահարելով բազում փորձություններ նպաստել են ազատ ու անկախ Հայրենիք ունենալու գաղափարի իրականությանը։  Նրանցից շատերը  խոհեմաբար և խոնարհաբար լռում են իրենց սխրագործությունների մասին, նրանց հերոսությունների մասին խոսում ու վկայում են փաստերը…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter